Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն ամերիկյան Real American Freestyle (RAF) կազմակերպությունում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի,- հաղորդում է ArmSport.am-ը։

Հայ ըմբիշը հնարավորություն է ստացել պայքարելու թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Տիտղոսային այս դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում նախատեսված RAF 13 մրցաշարի շրջանակում։ Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակցի մրցակիցը կլինի կազմակերպության գործող չեմպիոն, ամերիկացի Օսթին Դեսանտոն։ Վերջինս մինչ օրս անպարտելի է RAF-ում՝ իր ակտիվում ունենալով երեք անընդմեջ հաղթանակ, ինչպես նաև հանդիսանում է 2026 թվականի Պանամերիկյան առաջնության հաղթող։

Արսեն Հարությունյանն այս իրավունքը վաստակել է լիգայում ունեցած վստահ ու տպավորիչ ելույթների շնորհիվ։ Նա RAF-ում հասցրել է անցկացնել երկու գոտեմարտ՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Նորամուտի գոտեմարտում հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել էր Քեյլեբ Սմիթին, իսկ դրանից հետո Միլուոքիում կայացած RAF 11-ի ժամանակ ծանր դիմակայությունում պարտության էր մատնել Բեն Դավինոյին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի այս շաբաթավերջը խոստանում է չափազանց հագեցած լինել հայ երկրպագուների համար։ Հարությունյանի տիտղոսային գոտեմարտի հաջորդ օրը՝ Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի համահիմնական իրադարձության շրջանակում, հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմենամարտի Մաուրիսիո Ռուֆիի դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *