ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Կիպրոսի «Հաջողակ գործարար առաջնորդների ակումբի» (Successful Business Leaders’ Club) պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել գործարար առաքելությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության խորացմանը, արտահանման խթանմանը և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձել են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, կայուն բրենդավորումը և ԵՄ ստանդարտներին համապատասխանող արտադրությունների զարգացումը:
Կարևորվել է Կիպրոսի դերը՝ որպես հայկական ընկերությունների համար դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ: Պատվիրակության անդամները առանձնահատուկ ընդգծել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի դերը։
Քննարկվել են նաև հայկական արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման և արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, ինչը կարող է նպաստել տեղական ապրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
