ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր` դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։

Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:

Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցել են նաև դպրոցների ուսուցիչներ և կոլեկտիվներ, լրատվամիջոցների հետ զրույցում որոշ ուսուցիչներ նշել էին, որ դասերը մի փոքր շուտ են ավարտել, որպեսզի ներկա լինեն իշխող ուժի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 13–ին, Արագածոտնի մարզում ՔՊ–ի քարոզարշավին ավտոբուսներով բերել էին մարզի բնակավայրերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, ընդ որում, դասի ժամին։ Ուսուցչուհիներից մեկը NEWS.am–ի հետ անկեղծացել էր, որ հանուն  Նիկոլ Փաշինյանի դասերը կրճատել են։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *