«Դավիթ․ դեպի լույս» խորագիրն էր կրում Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպված հիշատակի միջոցառումը, որը նվիրված էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում զոհ դարձած Դավիթ Ալեքսանյանի ծննդյան օրվան։ Նա կդառնար 18 տարեկան։
Ցերեկույթին ներկա էին Դավիթի հարազատները, ուսուցիչները, դասընկերները, Նախիջևանիկի ձորակի բնակիչները, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվածների ծնողներ։ Միջոցառումը կյանքի է կոչվել Ռիմա Եղիազարյանի աջակցությամբ, ով Դավիթի հետ պատահական ծանոթությունից հետո դարձել է Ալեքսանյանների ընտանիքի հարազատ մարդ։
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների ու անմեղ զոհերի հիշատակը։
Ցերեկույթը վարում էր Հունան Թադևոսյանը․
-Այսօր մենք այստեղ ենք ոչ միայն հիշելու, այլ նաև լույսի մասին խոսելու։ Մի լույսի, որը շատ շուտ մարեց… Բայց այդ լույսը դեռ ապրում է մարդկանց հիշողության, սիրո ու կարոտի մեջ։ Այսօր Դավիթը պիտի դառնար 18 տարեկան։ Նա պիտի ընկերների հետ դահլիճ մտներ՝ աշխույժ կատակելով, ծիծաղելով, ապագայի ծրագրեր կազմելով։ Այսօր նրա մայրը պիտի գրկեր որդուն, հայրը՝ հպարտությամբ նայեր արդեն չափահաս դարձած զավակին, իսկ քույրը պետք է գրկեր եղբորն ու նրա գրկի մեջ իրեն ապահով զգար։ Սակայն այսօր Դավիթը երկնքում է և այնտեղ է նշում իր 18-ը․․․
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Սառնաղբյուր գյուղում թշնամու հրթիռակոծության հետևանքով զոհվեցին՝ 15-ամյա Դավիթ Ալեքսանյանը, նրա պապիկը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, տատիկը՝ Գոհար Գրիգորյանը, եղբայրներ՝ Նվեր և Միքայել Ղազարյանները։ Տասնյակ սառնաղբյուրցիներ վիրավորվեցին ու գերեվարվեցին։ Փոքրիկ գյուղը մեծ կորուստներ ունեցավ։
Միջոցառման ընթացքում ներկաները մասնակցեցին փոքրիկ «ճամփորդության», որը դեպի տուն՝ Սառնաղբյուր էր տանում։ Հենց այդտեղ են անցել Դավիթի մանկության, պատանեկության ամենավառ տարիները։ Ելույթները լեցուն էին հուզմունքով, վառ հիշողություններով։ Բոլորը Դավիթին համեմատում էին լույսի հետ, որը երբեք չի մարի․․․
Դասվար Ժաննա Գաբրիելյանը չէր կարողանում զսպել հուզմունքը․
-Ես այսօր խոսելու եմ ներկայով։ Որովհետև, ինչպես արդար չի, երբ ծնողն իր զավակի մասին խոսում է անցյալով, այնպես էլ ուսուցիչը չի կարող իր աշակերտի մասին անցյալով հիշել։ Ինձ համար Դավիթը միշտ ներկա է։ Նա այսօր պետք է իր ծնունդը նշեր ու ավարտական քննություններին պատրաստվեր, քանի որ Վերջին զանգի արարողությունն արդեն եղել է։ Դավիթն անպայման կհանձներ քննություններն ու կմտածեր բանակ մեկնելու մասին, որովհետև դա իր երազանքն էր։ Նա շատ էր ուզում ծառայել հայրենիքին ու պաշտպաներ նրա սահմանները։ Դավիթի մանկությունն ու պատանեկությունն իմ աչքի առաջ են անցել։ Սիրում էր բնությունը, զինվորական համազգեստը, զինատեսակները։ Նա նվիրված ընկեր էր, սրտաբաց, շնորհքով տղա։ Սիրում էր իրենից փոքրերին, հարգանքով վերաբերվում տարեցներին։ Միշտ ինքնաձիգը վզին էր՝ պլաստմասե, փայտե, իսկական․․․
Դասղեկ Վարդիթեր Միրզոյանը, դասամատյանը ձեռքին, ներկա, բացակա է անում։ Երբ կարդում է Դավիթ Ալեքսանյանի անուն, ազգանունը, դասընկերները միաձայն պատասխանում են՝ ներկա․․․
Դասղեկը տրվում է հիշողություններին․
-Զարմանալիորեն շատ էր սիրում գրքեր կարդալ ու միշտ հայտնում էր իր անձնական կարծիքը։ Այնքան էլ չէր սիրում դաս սովորել, փոխարենը՝ սիրում էր ՆԶՊ առարկան։ Նրա համար մեծ ոգևորություն էր հրաձգության մրցույթներին մասնակցելը։ Դավիթը քաղաքավարի էր, աշխույժ, կատակասեր։ Անչափ սիրում էր բնությունը և հաճախ առաջարկում էր դասերն անել դրսում, էքսկուրսիաներ գնալ։ Նրան մոռանալը պարզապես անհնար է։ Մենք պետք է իրականացնենք այն երազանքները, որոնք չհասցրեց ի կատար ածել Դավիթը։ Շնորհակալություն ծնողներին՝ Գարիկին ու Օքսաննային այդպիսի որդի դաստիարակելու համար, իսկ քրոջը՝ Դիանային ասում ենք՝ հպարտ եղիր, որ Դավիթի քույրն ես․․․
Դավիթի մասին պատմում են նրա դասընկերները։ Յուրաքանչյուրի խոսքում կարոտ կար, որ երբեք չի անցնի, լույս կար, որ երբեք չի հանգչի, սեր կար, որ երբեք չի մարի։ Ընկերների խոսքով՝ դասարանի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Դավիթի լուսավոր ներկայության։ Նա միշտ սեր ու ջերմություն էր սփռում իր շուրջը, իր կատակներով ամեն մի օրը դարձնում իսկական տոն։
Դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանը շնորհավորում է դպրոցի սան, հավերժ 10-րորդցի Դավիթի ծննդյան օրը
-Այսօր տոնական մոմեր պետք է փչվեն, բայց, ցավոք, ճակատագիրն այս լուսավոր տղային հավերժացրեց 15 տարեկանում։ Այսօր նա իր հասունությունը տոնում է երկնային արքայության մեջ՝ ողբերգական իրադարձությունների բերումով իր հետ հավերժի ճամփորդ դարձած պապիկ- տատիկի հոգածությամբ, իր համագյուղացի փոքրիկ հրեշտակների՝ Միքայելի ու Նվերի ընկերակցությամբ։ Դավիթը լույս էր, սեր ու ջերմություն և պատահական չէ, որ բոլորի ելույթներում նույն բառերը հնչեցին։ Դավիթն իրեն միշտ ճիշտ էր դրսևորում, նա ուսուցիչների աջ թևն էր, դպրոցական բոլոր միջոցառումների գլխավոր հերոսը։ Նրան բոլորը վստահում էին՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները։ Շնորհավո՛ր ծննդյանդ օրը, մեր սիրելի՛ Դավիթ․․․
Հուշ-ցերեկույթն ուղեկցվում էր Դավիթի մանկությունն ու պատանեկությունը ներկայացնող տեսանյութով, ինչպես նաև Հայաստանից հեռու բնակվող հարազատների կողմից պատրաստված տեսանյութով։ Թվում էր՝ Դավիթը նստած է դահլիճի մի անկյունում և իր բարի ժպիտով նայում էր բոլորին, լսում իր մասին ասված խոսքերը․․․
Երանի թե այս ամենը երազ լիներ․․․
Ելույթներ ունեցան Լիանա Սառաջյանը, ՊԲ մայոր Ալեքսանդր Սահակյանը, Նաիրա Պողոսյանը, Ալյոնա Գաբրիելյանը։ Բոլորի համար Դավիթը լուսավոր տղա է, որի հիշատակը միշտ վառ է մնալու ապրողների սրտերում։
Միջոցառման նախաձեռնող, միշտ Դավիթի ծնողների կողքին կանգնած Ռիմա Եղիազարյանն իր ու Դավիթի ծանոթությունը համարում է Աստծո կողմից տրված պարգև։
-Կյանքում կան հանդիպումներ, որոնք թվում են պատահական, բայց հետո հասկանում ես՝ դրանք ճակատագիր էին։ Մեր ծանոթությունը հենց այդպիսին էր։ Մի սովորական հանդիպում, որ ժամանակի ընթացքում դարձավ անկեղծ ու ջերմ ընկերություն։ Դավիթը մարդկանց հետ արագ էր մտերմանում, քանի որ նրա մեջ մի յուրահատուկ պարզություն կար։ Այսօր այս դահլիճը լույսով է ողողվել, և ես ուզում եմ, որ մենք մեր մեջ միշտ պահենք Դավիթի լույսը։
Նաիրա Սարուխանյանի գեղեցիկ ասմունքն ու երգը, ինչպես նաև ստեփանակերտցի ջութակահարի կատարումները ոգևորութուն, միաժամանակ թախիծ պարգևեցին ներկաներին։
Դավիթն ու զոհված մեր անմեղ երեխաներն ապրելու են մեր աղթոքների մեջ, մեր սրտերում ու հիշողություններում, քանի դեռ կա կյանք, քանի դեռ կա սեր․․․
Հուշ-ցերեկույթն ավարտվեց Դավիթի մոր՝ Օքսաննայի նամակով, որը նա ուղղել է որդուն․ նամակ՝ անսահման կարոտի ու սիրո, չսպիացող վերքի ու ցավի, շնորհավորանքի ու խոստովանանքի․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ Բերդ թեթ լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *