Այսօր Արցախի բազմաթիվ նախկին բնակիչներ այցելում են Եռաբլուր` հիշելու Լեռնային Ղարաբաղի հայաթափման զոհերին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր 9-ամսյա շրջափակումը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր 23 հայ է պահվում, նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները:
Արցախի իշխանությունները 2023-ի սեպտեմբերի 20-ին ընդունեցին կրակի դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը, և ժամը 15։00-ի սահմաններում կրակը դադարեցվեց։
Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնեց, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է հնարավորություն և ժամը 14:00-ից Ստեփանակերտի 5 բենզալցակայանում նրանց կտրամադրվի անվճար վառելիք։
2023 թվականի սեպտեմբերի 25-ի 19։00-ի հատվածում սոցցանցերում եղան հաղորդումներ, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան:
Սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ ԱՀ նախագահի հրամանագրով 2024 թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Արցախի հայաթափման հետեւանքով Հայաստան տեղափոխվեց 115 000 մարդ։
