Վանաձորի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ 13 և 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք` հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից։Նախնական տվյալներով՝ երեխաներն ընկել են գետը։

Մեզ հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Երրորդ մաս թաղամասի այն հատվածում, որտեղ գետի մի ափը մյուսին կապող խողովակ է տեղադրված։ Տեղացիների խոսքով՝ այս անցումը նախկինում ևս դժբախտ դեպքերի պատճառ է դարձել։ Նրանք հիշում են, որ տարիներ առաջ այստեղ երեխան է ջրահեղձ եղել՝ փորձելով անցնել մի ափից մյուսը։
Բնակիչների փոխանցմամբ՝ հատկապես գարնանային և հորդառատ տեղումների շրջանում Փամբակը չափազանց վտանգավոր է դառնում․ ջրի մակարդակը երբեմն այնքան է բարձրանում, որ ծածկում է անգամ այդ խողովակը։ Ըստ նախնական տեղեկությունների, երկու քույրերը նույնպես փորձել են անցնել գետի մի ափից մյուսը։ Նույնիսկ լսվել են օգնության կանչեր։Պատմեցին, որ երեխաների մայրը միայնակ է մեծացնում հինգ երեխաներին, վարձով են բնակվում։

Բնակիչները նշում են նաև, որ տարիներ շարունակ այդ հատվածը համարվել է վտանգավոր, սակայն խնդրի լուծման ուղղությամբ, իրենց խոսքով, բավարար քայլեր չեն իրականացվել։ Տարակուսանք են հայտնում, թե ինչու մինչ օրս այստեղ չի կառուցվել անվտանգ կամուրջ, որը կփոխարիներ գետի երկու ափերը կապող խողովակին։ Տեղացիների համոզմամբ՝ նման ենթակառուցվածքի առկայությունը կարող էր կանխել բազմաթիվ վտանգավոր իրավիճակներ և նվազեցնել դժբախտ դեպքերի հավանականությունը։
Նշենք, որ այս պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՀԳ․ Մեզ հետ կապ հաստատեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը և ասաց, որ երեխաներն արցախցի չեն։

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *